Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ներկայացվեցին Հայաստանի ներգնա տուրիզմի հնարավորությունները

Ներկայացվեցին Հայաստանի ներգնա տուրիզմի հնարավորությունները
28.09.2013 | 12:26

Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է։ Օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ցուցադրված էին հանրապետության 10 մարզերը և ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Հայաստանի համար գերակա ճյուղ է տուրիզմի զարգացումը, և այս ցուցահանդեսով հիմնադրամը փորձել է իր ներդրումն ունենալ զբոսաշրջության զարգացման ոլորտում տարվող աշխատանքներին։ Հանրապետության մարզերը ներկայացվել են հիմնադրամի մարզային կենտրոնների կողմից։ Կարեն Ավագյանը կարևորեց այն փաստը, որ երիտասարդները հենց իրենք են ցուցադրում իրենց բնակավայրերի զբոսաշրջային ներուժը։ Նա նաև նկատեց, որ մարդիկ այսօր հաճախ ինֆորմացիայի պակաս ունեն, և նման միջոցառումներով փորձում են լրացնել այդ բացը։

Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը նշեց, որ Կոտայքը զբոսաշրջային մարզ է։ Դեռևս 2011 թվականին հաստատվել է մարզի զարգացման քառամյա ծրագիրը, որտեղ առանցքային տեղ է հատկացված զբոսաշրջությանը՝ սկսած զբոսաշրջային տարբեր ենթակառուցվածքների զարգացումից, մինչև մարզի մշակույթի, ավանդույթների արդյունավետ համադրում արդի զբոսաշրջության պահանջներին։

Տուրիստական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչ Մելինե Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է ներգնա տուրիզմի ակտիվացում։ Ըստ տուրօպերատորի՝ Հայաստանում առավել պահանջարկ ունեն դեպի Ծաղկաձոր, Ջերմուկ, Դիլիջան տուրիստական զբոսաշրջային փաթեթները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի համակարգող Վահե Դոխոյանը շեշտեց, որ պետք է կիրառել արդի տեխնոլոգիաները՝ մարդկանց տեղեկացնելու մարզերի զբոսաշրջային հնարավորությունների մասին։ Ըստ նրա այսօր շատերը, տեսնելով Լոռու տաղավարն ու ծանոթանալով մարզի տուրիստական վայրերին, զարմանում էին, որ այդպիսի տեղեր կան Հայաստանում։

Տուրիզմի համաշխարհային օրվան նվիրված զբոսաշրջային էքսպոն ոչ միայն ցուցադրում էր մարզերի զբոսաշրջային առանձնահատկությունները, խոհանոցը, այլև ուղեկցվում էր մշակութային տարբեր ծրագրերով։ Ներկայացված էր ազգային երգն ու պարը, հենց Հյուսիսային պողոտայում հաց էին թխում, բրուտագործները տեղում թրծում էին կավե իրեր, թել էին մանում, իրենց արհեստն էին ցուցադրում նաև գորգագործները։

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ